ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մնացականյանն ու Ուենդի Մորթնին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

Մնացականյանն ու Ուենդի Մորթնին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը
20.10.2020 | 21:12

Հոկտեմբերի 19-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ: Զոհրաբ Մնացականյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող վայրագությունների, իր հսկողության տակ հայտնված ռազմագերիների խոշտանգումների և սպանությունների, քաղաքացիական բնակավայրերի և կենսապահովման ենթակառուցվածքների անընդմեջ թիրախավորման, կրոնական, մշակութային հաստատությունների հրետակոծման բազմաթիվ փաստերի վրա:

Մշտական քարտուղար Մորթնն խորին ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 10-ին և 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությանը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից այս համաձայնությունների խախտումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում անկարողությունը` հարգելու իր ստանձնած պարտավորությունները և հրաժարվելու հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծման նկրտումներից: ԱԳ նախարարը խոր մտահոգությամբ հայտնել է, որ Ադրբեջանի նման վարքագիծն ակնհայտ սատարվում և խրախուսվում է Թուրքիայի կողմից, որն էլ իր հերթին փորձ է անում տարածաշրջանային անվտանգության ապակայունացմամբ առաջ մղել իր ծավալապաշտական նպատակները: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատմանը:

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ